Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալին, որը հունվարի 1-ին ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում, ազատ է արձակվել: NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնել են Արդարադատության նախարարության լրատվության վարչությունից:
Ըստ վարչության՝ Բահրեյնի Թագավորության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ երբեւէ չեն կնքվել եւ չեն գործում հանձնման կամ արտահանձնման վերաբերյալ միջազգային երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր:
«Համապատասխանաբար, ՀՀ արդարադատության նախարարությունը, չունենալով Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիին՝ Բահրեյնի Թագավորությանը հանձնելու համար անհրաժեշտ միջազգային պայմանագրային հիմք, առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54.1 գլխի համապատասխան դրույթներով, որոնցով կարգավորվում է քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում: Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններից Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալիի հանձնման խնդրանքը ստացվել է ոչ դիվանագիտական ուղիներով, որի ուսումնասիրության արդյունքում դրանում հայտնաբերված մի շարք թերությունների մասին վերջիններս տեղեկացվել են»,- հայտնեցին նախարարությունից:
Նրանց փոխանցմամբ՝ հենց հաշվի առնելով վերոգրյալը եւ ելնելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի բացակայությունից՝ ՀՀ արդարադատության նախարարը Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիի հանձնման միջնորդությամբ ՀՀ իրավասու դատարան չի դիմել: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակված 30-օրյա կալանքի ժամկետը լրանալուց հետո Ռադհի Ֆադհել Աբբաս Ալին ազատ է արձակվել. վերջինիս հանձնումը Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններին որեւէ այլ հիմքով բացառվում է:
Նշենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 2016թ. հունվարի 1-ին ժամը 23:00-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ֆադհել Ռ.-ը, որը 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր ԲՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի ու 58 հոդվածի մեղադրանքով /սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական եւ մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն եւ ահաբեկչություն/:
Ֆադհել Ռ.-ը ձերբակալվել եւ տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ:
Հաջորդ օրն իսկ Բահրեյնի Թագավորության Հակակոռուպցիոն, տնտեսական եւ էլեկտրոնային անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող անձի, որն ահաբեկչական նպատակներով սեփականության վնասման եւ պայթուցիկ նյութերի օգտագործման համար Բահրեյնում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Պաշտոնյայի խոսքով՝ քայլեր են ձեռնարկվում կալանավորված անձին վերադարձնելու ուղղությամբ:
Մինչդեռ Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները խիստ մտահոգված են այս փաստով, քանզի Բահրեյնում խիստ օրենքներ են գործում եւ չի բացառվում, որ արտահանձնելուց հետո նրան մահապատժի ենթարկեն:
Փետրվարի 1-ին ՀՔԱԳՎ-ն իր մտահոգությունն էր հայտնում, որ Բահրեյնի քաղաքացինա անհետացել է:



























