Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 2-ին, մեկնարկել է «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված եւ 18 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացած 5-ամյա Էրիկ Ամիրխանյանի գործով դատաքննությունը: NEWS.am-ի հետ զրույցում երեխայի մայրը՝ Լուսինե Ամիրխանյանը, նշեց, որ գործում որպես վկա ներգրավված են այնպիսի մարդիկ, որոնց ինքը երբեք չի տեսել եւ այդ այդ գործի հետ ոչ մի կապ չունեն, այդ թվում` մեղադրվող բժշկուհու` Անահիտ Պետրոսյանի հարազատները։
«Իր ամուսնուն, քրոջը բերել էր որպես վկա, էդ մարդիկ թե ի՞նչ կապ ունեն երեխուս մահվան գործի հետ, չեմ հասկանում, ինչի՞ են դրանց որպես վկա ներգրավել: Դատական նիստը հետաձգեցին՝ բժշկուհու փաստաբանի մոտ ինչ-որ փաստաթղթեր կային պակաս, հուսամ, որ հաջորդ նիստը կկայանա, ես երեխա եմ կորցրել»,- ասաց տիկին Լուսինեն:
Լուսինե Ամիրխանյանի պնդմամբ` իր 5-ամյա երեխան ոչ մի լուրջ հիվանդություն չի ունեցել եւ «Արմավիր» ԲԿ-ի նախկին բժշկուհի Անահիտ Պետրոսյանի պնդումը, թե երեխան ի ծնե հիվանդ է եղել եւ բազմաթիվ անգամներ հոսպիտալացվել է, չեն համապատասխանում իրականությանը:
«Ընդամենը մեկ տարեկանում եւ 2 տարեկանում է հոսպիտալացվել, առաջին անգամ Արցախում էինք, ջրից ինֆեկցիա էր անցել, երկրորդ անգամ էլ բրոնխների խնդրով է պառկել հվանդանոց, լիարժեք բուժվել էր, ոչ մի առողջական խնդիր չուներ, իմ երեխան աշխույժ երեխա էր»,-ասաց տիկին Լուսինեն:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Արմավիր» բժշկական կենտրոնի Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը, որին երեխայի մահվան փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել պարտականությունները չկատարելու համար, նշել էր, որ իրեն մեղավոր չի համարում նորապատցի 5-ամյա Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ, նրա խոսքով, երեխան ի ծնե հիվանդ է եղել, առողջական տարբեր խնդիրներ ունեցել:
Նշենք, որ մայրը նույնպես երեխայի մահվան մեղավոր է համարում Անահիտ Պետրոսյանին:
Երեխայի մոր խոսքով, Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել:
Նշենք, որ հունիսի 16–ին «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք եւս մեկ երեխա էր տեղափոխվել` ջրաշենցի 4–ամյա Կարինեն, որը նույն օրը մահացել էր։ Կարինեի ծնողները նույնպես երեխայի մահվան մեջ մեղավոր են համարում բաժնի վարիչ Անահիտ Պետրոսյանին։ Այս գործով նույնպես նրան մեղադրանք է առաջադրվել։
Բժշկուհին երկու դեպքում էլ չի ընդունում իր մեղավորությունը։ Դատաքննության մեկնարկից հետո բժշկուհին աշխատանքից հեռացվել է։
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, երբ մեղադրանք է առաջադրվում «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին: Նախորդ անգամ 28-ամյա հղի Նարինե Շարոյանի մահվան համար մեղադրանք էր առաջադրվել մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին, որի գործը նույնպես դատարանում է: Հասմիկ Հակոբյանին մեղադրանք առաջադրվելուց հետո էլ հիվանդանոցի ղեկավարությունը նրան աշխատանքից չհեռացրեց։ Որոշ ժամանակ անց բժշկուհին հեռացավ սեփական նախաձեռնությամբ:



























