Իշխանության հեղինակազրկված լինելու վերաբերյալ Արմեն Ռուստամյանի այդ գնահատականը ինքնարդարացման խնդիր էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:

«Արմեն Ռուստամյանի այդ գնահատականը ես պայմանավորում եմ մամուլում ու հանրության մեջ առկա այն մեղադրանքների հետ, որ ուղղում են Դաշնակցությանը: Ես կարծում եմ` դա ավելի շուտ պատասխան էր հանրությանը կամ ինքնարդարացման խնդիր էր դրված: Այդ իսկ պատճառով կոշտ ձեւակերպումներ արեց, որը չի համապատասխանում մեր գործընկերային հարաբերոթյուններին: Եւ Դաշնակցությունը, եւ մենք պետք է նայենք ապագային, որ մեր առջեւ ծառացած խնդրները լուծենք»,-ասաց Նիկոյանը:

Հարցին, թե ինչպես է գնահատում Դաշնակցության այն զոհաբերությունը, որ պատրաստ են անգամ իրենց վարկանիշը գցելով` իշխանության հետ համագործակցության գնալ, միայն թե երկրում տիրող իրավիճակը փոխեն, Նիկոյանը պատասխանեց. «Կարծում եմ` հանրության շրջանում հնչող քննադատություններին էր ուղղված, այդ հարցերը փակելուն էր ուղղված այդ հայտարարությունը»: