Եթե համամասնական ընտրակարգը լինի հարյուր տոկոսանոց ռեյտինգային եւ արտահայտի ընտրողի կարծիքը, ես դրան դեմ չեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Նոր Ընտրական օրենսգիրքը կարող են այնպես կազմել, որ համամասնական ընտրակարգը վերածվի մեծամասնականի եւ հակառակը` արտահայտի ժողովրդի կարծիքը, բայց վերջնական միայն հայտնի կլինի նախագծի հրապարակվելուց հետո: Եթե համամասնական ընտրակարգը լինի հարյուր տոկոսանոց ռեյտինգային եւ կարտահայտի ընտրողի կարծիքը, ես դրան դեմ չեմ»,-ասաց Լյովա Խաչատրյանը, որն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով:
Ռեյտինգային ցուցակի առկայության դեպքում նա պետք է նույն ընտրատարածքում մրցակցի իր կուսակիցների հետ, ինչը բարդացնում է իրավիճակը:
«Հեշտ աշխատանք գոյություն չունի, անվճար պանիրը միայն թակարդում է, նենց որ ամեն ինչն է դժվար, պետք է հաղթահարել, բայց կլինի այնպիսի ձեւ, որ իրոք կլինի հարյուր տոկոսանոց ժողովրդի կարծիքը, ես դեմ չեմ, միայն թե չձախողվի ու չվերածվի 100 տոկոսանոց մեծամասնականի», ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:




























