Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում 2014թ. դեկտեմբերին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ 17-ամյա Տիգրան Գեւորգյանին դանակահարելու մեջ մեղադրվող Վանաձորի բնակիչ 18-ամյա Նարեկ Ադամյանը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի՝ Տիգրան Գեւորգյանի մայրը՝ Արմինե Ղաբուզյանը՝ նշելով, որ ամբաստանյալը դատարանում միայն ասել է, որ ինքն է դանակահարել Տիգրան Գեւորգյանին:

«Ասաց, որ դանակով ինքն է խփել , մնացած հարցերին հրաժարվեց պատասխանել: Նարեկի պահվածքն ահավոր վրդովեցնում է մեզ, այնպես է իրեն պահում, որ կարծես դատարան եկած չլինի, ժպիտը դեմքին, ուրախ, հարազատների հետ դատական նիստի ընթացքում կոնտակտի մեջ է, շատ տհաճ ա մեզ համար, մեր համբերատարությունից շատ օգտվեցին դրանք»,-ասաց տիկին Արմինեն:

Տիկին Արմինեի խոսքով՝ Նարեկն իր որդուն միայն դանակով չի հարվածել, քանի որ Տիգրանի վերքը եղել է շատ խորը, իսկ այդքան խորը վնասվածք անհնար է դանակով հասցնել: Բացի այդ, Նարեկը դատարանում ասել է, որ Տիգրանին հարվածել է տարածքից գտած դանակով, տիկին Արմինեի խոսքով, դա եղել է Նարեկի դանակը:

«Դա միայն դանակի հարված չի, ինձ առաջին պահին բժիշկն ասաց, որ ծակող-կտրող գործիք է եղել, որը կտրել է սիրտը եւ հասել մինչեւ լյարդ: Անհնար է իբր այդտեղից գտած ծալվող դանակով այդ խորությամբ վնասվածք հասցնել, հեքիաթներ են պատմում»,-ասաց Տիգրանի մայրը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին:

Ավելի վաղ Արմինե Ղաբուզյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր որդին` Տիգրանը, կրծքավանդակի ու թիկունքի շրջանում կտրող-ծակող գործիքով վնասվածք է ստացել, մեծ քանակությամբ արյուն կորցնելու հետեւանքով տեսողությունը սկսել է թուլանալ, Տիգրանը զրկվել էր քայլելու ունակությունից։  Հետագայում Տիգրանը Իսրայելում տեսողության վերականգման կուրս է անցել, որից հետո որոշ չափով սկսել է նրա տեսողությունը վերականգնվել:

Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դանակահարության դեպքով դատաքննություն, որի ընթացքում հարցաքննվել են դպրոցի ուսուցիչները, աշակերտները: Դատարանում ցուցմունք տալուց հրաժարվել են ամբաստանյալ Նարեկ Ադամյանի մայրն ու քույրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ Վանաձորի բնակիչ 18-ամյա Նարեկ Ադամյանը դանակահարել էր 17-ամյա Տիգրան Գեւորգյանին եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ին:

Նարեկ Ադամյանը դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին ու Ռոբերտին: Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատավարություն:

Նարեկ Ադամյանը կալանավորված է: