Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի 25-ամյա բնակիչ Վրեժ Օհանյանի անհետացման վերաբերյալ համագյուղացիների շրջանում զանազան վարկածեր են շահարկվում։
NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Արմեն Խաչատրյանը նշեց, որ գյուղացիների կողմից ամենաշրջանառվող վարկածն է՝ «ծնողներից վիրավորվել, գնացել ա»։
«Մտածում ենք՝ նեղվել, գնացել ա, բայց ծնողների, պապի հետ խոսել ենք, ասում են՝ վեճ չի եղել, բայց գուցե մի բան գաղտնի են պահում»,-ասաց գյուղապետը։
Այս դիտարկմանը, թե հնարավոր է արդյոք 25-ամյա երիտասարդը առանց ընտանիքի անդամներին տեղյակ պահելու կրկին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, Խաչատրյանը պատասխանեց. «դժվար թե, անձնագիրը տանն էր թողել, հիմա ոստիկանների մոտ ա»։
Գյուղապետի խոսքով՝ Վրեժ Օհանյանին փնտրել են հնարավոր բոլոր տեղերում, սակայն ապարդյուն։
Մինչ գյուղացիները խոսում են Վրեժ Օհանյանի՝ «վիրավորված լինելու ու գնալու» մասին, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցված քրեական գործի շրջանակում նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երիտասարդը բնակատեղից մեկնելու կամ երկարատեւ բացակայելու մտադրությունը հարազատներից թաքցնելու պատճառներ չի ունեցել, իր մոտ չի ունեցել այնպիսի անձնական իրեր, առանց որոնց հնարավոր է երկարատեւ բացակայել բնակավայրից։
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Վրեժ Օհանյանը նշանված է, սովորաբար մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ որպես զոդող է աշխատել։



























