Փետրվարի 2-ին, ժամը 16:30-ին Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամայաին կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Սպիտակի տարածաշրջանի 5՝ Լուսաղբյուր, Խնկոյան, Կաթնաջուր, Մեծ Պառնի եւ Սարալանջ համայնքների միջհամայնքային ճանապարհներին խցանվել մնացել են թվով 40 մեքենաներ: Մեքենաներում եղել են նաեւ անչափահաս երեխաներ:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ ուժեղ քամին ու ձնաբուքը հարակից դաշտերից ձյունը բերել լցրել է ճանապարհներին, ինչն էլ խցանման պատճառ է դարձել: Փրկարարներից պահանջվել է մի քանի ժամվա տքնաջան աշխատանք:

Նրանք նախ ուղեւորներին փրկարարական մեքենաներով տեղափոխել են հարակից գյուղեր, որից հետո միայն զբաղվել են մեքենաների հանման աշխատանքներով: Աշխատանքներին աջակցել է նաեւ Մեծ Պառնի համայնքի համայնքապետ Գագիկ Պալյանը:

Շուրջ 6 ժամ տեւած փրկարարական աշխատանքների արդյունքում խցանումից հանվել է 40 մեքենա՝ 77 ուղեւորով: Մի քանի ժամ ցրտում մնացած ուղեւորները, բարեբախտաբար, չեն ցրտահարվել: