Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանը զրպարտչական ցուցմունք է տվել մյուս մեղադրյալ Արա Բուդաղյանի դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Գարեն Աթաջանյանին նախաքննական մարմինն անօրինական գործարք է առաջարկել՝ զրպարտչական ցուցմունք տալ իմ պաշտպանյալի դեմ եւ ազատ արձակվել: Գործընթացն արդեն սկսվել է»,- ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով՝ այժմ նախաքննական մարմինը փորձում է ազատ արձակել Գարեն Աթաջանյանին, իբր ծանր առողջական վիճակը թույլ չի տալիս մնալ անազատության մեջ:
Նշենք, որ Արա Բուդաղյանը Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիքի ու վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել, ապա կալանավորվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը:




























