ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է Երեւանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց   բուժաշխատողի հանդեպ բռնության դրսեւորման փաստը:

«Բռնության ցանկացած դրսեւորում ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը տվյալ պահին կարող է անհրաժեշտ լինել մեկ ուրիշին:

Նման արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բուժանձնակազմին, այլեւ  ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ։

Նշենք, որ Երեւանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում տեղի ունեցած միջադեպից տուժած 53-ամյա բուժաշխատողը մարմնական վնասվածքներով`  այդ թվում ոտքի կոտրվածք, տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա  բուժօգնությունը, նախարարի հանձնարարությամբ, կկազմակերպվի պետական պատվերի շրջանակում»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ին ուշագրավ  միջադեպ է տեղի ունեցել. կեսգիշերն անց, ժամը  03:00-ի սահմաններում ենթակայան է մտել 30-ամյա մի երիտասարդ ու որոշել մնալ այնտեղ: Երբ աշխատակիցները նրան փորձել են դուրս հրավիրել, վերջինս հարձակվել է բժշկի վրա եւ ծեծի ենթարկել:

Բուժանձնակազմը ստիպված ահազանգել է իրավապահներին, որոնք բերման են ենթարկել Արզուման անունով երիտասարդին: Իսկ բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մանրամասները պարզվում են: