Ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող 40-ամյա Գարիկ Տերտերյանը տաքսու վարորդ է: Հունվարի 20-ին՝ անհետացման օրը, Գարիկ Տերտերյանը կնոջ եւ 3-ամյա դստերը տարել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող աներոջ տուն, որտեղից հեռացել է՝ ասելով, թե պատվեր ունի, կկատարի, կվերադառնա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աղձքի գյուղապետ Արսեն Ավդալյանը:
Գյուղապետի խոսքով՝ Գարիկ Տերտերյանը մի քանի անգամ տնից գնացել է եւ օրեր շարունակ չի վերադարձել:
«Էլի ա եղել նման դեպք, օրերով գնացել ա, մի քանի օրից եկել ա, բայց էս անգամ էդ տղան իրոք չկա, արդեն երկար ժամանակ ա ոչ ոք չգիտի՝ ուր ա, իրոք անհետացել ա»,-ասաց գյուղապետը:
Արսեն Ավդալյանը նաեւ հայտեց, որ գյուղում պտտվող խոսակցությունների համաձայն՝ Տերտերյանը պարտքեր է ունեցել եւ տարված է եղել խաղային ապարատներով:
«Պարտքեր ուներ, ասում են՝ ապարատների հետ սեր ա ունեցել, մի լավ վիճակում էլ չէին, վերջին շրջանում հաճախ էր կնոջն ու երեխային բերում աներոջ տուն»,-նշեց գյուղապետը:
Գյուղապետը հավելեց, որ Տերտերյանի մեքենան հայտնաբերվել է Էրեբունիի գազալցակայաններից մեկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 40-ամյա Գարիկ Տերտերյանը հունվարի 20-ին, ժամը 23:00-ի սահմաններում իր Daewoo Nexia մակնիշի 23 SU 401 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի տներից մեկից եւ անհետ կորել:
Տերտերյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին 010 45 02 02 կամ 1-02 հեռախոսահամարներով:



























