Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի թեկնածուները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին պետք է ներկայացվեն հնգօրյա ժամկետում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, Ազգային ժողովը երեկ ընդունել է ՄԻՊ թեկնածուների առաջադրման կարգը, ինչը ենթադրում է, որ մինչև փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները պետք է հանձնաժողով ներկայացնեն թեկնածուներին:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների համաձայն օմբուդսմենի թեկնածությունը պետք է ներկայացնի ԱԺ հանձնաժողովը: Արդեն շրջանառվում են մի քանի թեկնածություններ՝ Զարուհի Փոստանջյան, Ավետիք Իշխանյան, Վարդան Հարությունյան: ՀՀԿ-ն նույնպես դեռ չի բարձրաձայնել, թե ում է տեսնում այդ պաշտոնում:




























