Հայաստանի խորհրդարանի դահլիճում չես գտնի 3 պատգամավորի, որոնք գիտեն Սարսանգի ջրամբարի խնդրի մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«ԵԽԽՎ-ում մենք պարտվել ենք, եկել էին երկու գոլ խփելու, բայց մենք մեկը թույլ չենք տվել եւ պարտվել ենք 1:0 հաշվով: Մուսուլմանների մասին եք խոսում, հիմա ի՞նչ, մենք մուսուլման-քրիստոնյա հարց լուծող ազգ ենք դարձե՞լ: Մենք Ղարաբաղի հարց ունենք, որը պիտի լուծենք: Սարսանգի պրոբլեմից եք խոսում, բայց դահլիճում երեք մարդ չկա, որ դրա մասին գիտի»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում լիբերալների եւ դեմոկրատների «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչների՝ հակահայկական զեկույցներին քվեարկելուն, Հրանտ Բագրատյանը հորդորեց տարատեսական հայտարարություններից առաջ ճշտել, ինչպես նաեւ իրենց օգնել, բյուջեից տրամադրել 5 հազար ԱՄՆ դոլար՝ անդամավճարի համար:

«Մուծեք մեր անդամավճարը, մենք բիզնես չունենք, դե մուծեք: Մենք նույնիսկ նիստերին չենք կարողանում գնալ... ի՞նչ կարիք կա էստեղ էսպիսի բաներ քննարկել»,- հավելեց Հրանտ Բագրատյանը:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Ազգային ժողովում բուռն քննարկվում է հունվարի 26-ին Ստրասբուրգում կայացած քվեարկությունը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն 2016թ. հունվարի 26-ին քվեարկությամբ մերժել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը, սակայն ընդունել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը։