Եթե Հայաստանը շարունակի դրսից վարկեր վերցնել, ապա շուտով Հայաստանի արտաքին պարտքը կհասնի 7-8 մլրդ դոլարի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրած քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր երկուսի վերաբերյալ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ հավելելով. «Տարեկան պարտքի մարումը հասնելու է տարեկան 500 մլրդ դոլարի, որը ներկայիս բյուջեի 15 տոկոսն է կազմում: Որտեղից ենք գտնելու այդ գումարները»:

Նրա խոսքով, վերջին շրջանում մոդայիկ է ճանապարհների կառուցման, անգամ ճանապարհներ վերանորոգման համար վարկեր վերցնելը: «Մենք ոչ միայն ճանապարհաշինության համար, այլեւ՝ վերանորոգման համար ենք վարկեր բերում: Սա անհասկանալի է: Միլիոնավոր դոլարների վարկեր ենք բերում, բայց դրանից օգուտ չկա: Արդյոք կա՞ հաշվարկ, որ մի քանի տարվա ընթացքում այս գումարները ներդնելով հետ ենք վերադարձնելու այդ գումարները»,- նշել է Բիշարյանը:

 «Սա նույնպես բիզնես ծրագիր է, ներդրում ենք անում, շահույթ կլինի՞ որոշ ժամանակ անց, թե՞ պարզապես բերում ենք վարկեր ամեն ինչի համար, որը խիստ ցավալի է: Ի՞նչ է՝ փո՞ղ ենք լվանում, թե մի քանի հոգու երկու-երեք տարով գործ ենք տալիս, որ 2-3 տարին մեկ ճանապարհները վերանորոգեն»,- ընդգծել է  ՕԵԿ խմբակցության ղեկավարը:

Նա առաջարկել է, որ եթե այդքան վարկեր ենք վերցնում, գուցե դրանցից մեկն ուղղենք մետրոպոլիտենի հետագա կառուցմանը: «Մենք մինչեւ Աջափնյակ հասել էինք: Բա 25 տարում 6 մլրդ դոլարի հասնող արտաքին պարտքի մեջ չէի՞նք կարող ներդրում անել այս ոլորտում»,-ամփոփել է Բիշարյանը: