Երեւանի կենտրոնը բեռնաթափելու լավագույն միջոցը մարզերը զարգացնելն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Խտրականություն կա: Ուզում ենք Երեւանի կենտրոնը բեռնաթափել, մարզերը զարգացրեք, մարդիկ չեն գա լցվեն մայրաքաղաք: Մենք ունենք ներքին արտագաղթ եւ անընդհատ ասում ենք՝ ո՞նց անենք, որ մարդիկ ապրեն համայնքներում: Հասկանում ենք բոլորս, որ բոլոր միջոցները կենտրոնացված են մայրաքաղաքում, սա հետխորհրդային մոտեցում է»,- այսօր՝ փետրվարի 3-ին, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի մասին քննարկման ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:
Անկախ պատգամավորը վստահ չէ նաեւ, որ Ասիական զարգացման բանկի տրամադրվող գումարները կօգտագործվեն ըստ էության. «Ասում եք՝ 13 մլն դոլար խորհրդատվության համար: Ի՞նչ խորհրդատվություն է, որ 13 մլն դոլար արժի: Բայց ամենակարեւորը՝ սա խտրականություն է, Գյումրիում մարդիկ դեռ տնակներում են ապրում, իրենց համար վերցնեիք»:
Նշենք, որ այս համաձայնագրով Ասիական զարգացման բանկը կօգնի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել Հայաստանի այլ քաղաքներում: Ծրագրի արժեքը կազմում է 112 մլն 960 հազար դոլար է:
Առաջին եւ երկրորդ ծրագրերով Երեւանը շրջանցող մայրուղի է կառուցվում, որպեսզի հանրապետության հարավից հյուսիս կամ կառուցվող Հյուսիս-Հարավ մայրուղով տարանցմամբ Իրանից Վրաստան ուղեւորվող ծանր բեռնատարները ստիպված չլինեն մայրաքաղաք մտնել:
Ծրագրի 3-րդ տրանշը նախատեսում է ճանապարհային նախագծերի իրականացում հանրապետության այլ քաղաքներում: Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկն արդեն ընտրում են քաղաքները՝ նախագծման աշխատանքներ սկսելու համար:


























