Եթե Ասիական զարգացման բանկը վարկ է տալիս, ուրեմն մինեչւ այդ գնահատել է ռիսկերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի մասին քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Պետք է հասկանալ, որ սա նվիրատվություն չի: Բանկը վարկ տալուց առաջ ռիսկերն է գնահատում, ապա պայմանով վարկ է տալիս, որը նպատակային է: Եթե վարկ է տալիս, գնահատում է քո երկրի քաղաքականությունը: Եկեք ռեյտինգների համար ելույթ չունենանք: Եթե մեզ արտոնյալ պայմանով վարկ են տալիս, ուրեմն գնահատում են մեր ռիսկերը»,- ասաց Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ինքը կողմ է քվեարկելու համաձայնագրին, ավելին առաջարկում է խմբակցությունների ներկայացուցիչներով հանձնաժողով ստեղծել՝ վերահսկելու վարկը:

«Ես դեմ լինե՞մ, որ իմ երկիր փող ա մտնում»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Նշենք, որ այս համաձայնագրով Ասիական զարգացման բանկը կօգնի  ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել Հայաստանի այլ քաղաքներում: Ծրագրի արժեքը կազմում է 112 մլն 960 հազար դոլար է:

Առաջին եւ երկրորդ ծրագրերով Երեւանը շրջանցող մայրուղի է կառուցվում, որպեսզի հանրապետության հարավից հյուսիս կամ կառուցվող Հյուսիս-Հարավ մայրուղով տարանցմամբ Իրանից Վրաստան ուղեւորվող ծանր բեռնատարները ստիպված չլինեն մայրաքաղաք մտնել:

Ծրագրի 3-րդ տրանշը նախատեսում է ճանապարհային նախագծերի իրականացում հանրապետության այլ քաղաքներում: Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկն արդեն ընտրում են քաղաքները՝ նախագծման աշխատանքներ սկսելու համար: