ՀՀԿ-ի հետ մեր բանակցություններում որեւէ բան վտանգված չէ, ամենաուշը մեկ շաբաթից կունենանք պատկերացումներ եւ մեր մասնակցության ձեւաչափի, եւ համապատասխան պատասխանատվություններն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին ա,սօր՝ փետրվարի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ վերջին օրերի աժիոտաժը լրագրողական համայնքի կողմից է ստեղծվել:

«Ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն նույնիսկ ամենաբարենպաստ երկրներում անպայման ունենում է հեղինակության կորուստ և չի կարող որևէ այլ բան լինել: Բնական է. մեր երկրի ունեցած սոցիալ-տնտեսական, արտաքին այս մարտահրավերների պարագայում նույնը վերաբերում է Հայաստանի իշխանություններին: Մեր ելման կետը դա չէ, մեր ելման կետը երկրում որակական փոփոխություններ իրականացնելն է»:

Աղվան Վարդանյանը նշել է, որ իրենց համար կարեւորագույն հարցը անելիքներն են, ոչ թե պորտֆելները: «Եթե այդտեղ համաձայնություն լինի, մնացածը տեխնիկական հարցեր են: Մենք գիտենք երկրի առջեւ ծառացած խնդիրները: Եթե լինի ընդհանուր գիծ, որի շուրջ միավորվում են քաղաքական ուժերը, դրանից հետո կլինի նաեւ մասնակցություն կառավարմանը»,-ընդգծել է նա:

Նա հստակ պատասխան չի տվել հարցին, թե եթե ՀՅԴ-ն մտնի կոալիցիա, ե՞րբ հասարակությունը կտեսնի փոփոխություններ, նշելով, միայն, որ մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ է: