Փետրվարի 1-ից՝ ուսումնական 2-րդ կիսամյակի մեկնարկից քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցները պարբերաբար անակնկալ այցեր են կազմակերպում դպրոցներ ու մանկապարտեզներ՝ տեղերում ստուգելու երեխաների հաճախելիությունը, անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովումը, ինչպես նաեւ հետեւելու ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ բոլոր հաստատություններում, ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով, սահմանված է եղել սպասարկող անձնակազմի հերթապահություն: Նշենք, որ ջեռուցման համակարգերը գործել են ձմեռային ամբողջ արձակուրդի ընթացքում:

«Չնայած հանգամանքին, որ ամեն օր մենք բոլոր հաստատություններից ստանում ենք ջերմային ռեժիմի, ինչպես նաեւ երեխաների հաճախելիության վերաբերյալ տեղեկատվություն, այդուամենայիվ, նաեւ ինքներս ենք լինում տեղերում եւ անձամբ համոզվում: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ: Բացի այդ, իրականացվում է նաեւ բժշկական խիստ հսկողություն` շնչառական հիվանդություններով երեխաների հաճախումը բացառելու նպատակով»,-ընդգծել է Գայանե Սողոմոնյանը: