«Գնված ապրանքը հետ չի ընդունվում» հայտարարությունն օրենքի խախտում է, եւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն բացահայտված խախտումներին լուծում տալու նպատակով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Այս առնչությամբ, ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը քանիցս տեղեկացրել է, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում փոխանակել պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի կարող օգտագործվել ըստ նշանակության՝ հարմար չէ ձեւով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոն կամ ապրանքային չեկ): Իսկ եթե սպառողի՝ խանութ դիմելու պահին բացակայում է նմանօրինակ ապրանք, ապա սպառողն իրավունք ունի ըստ իր ընտրության լուծելու առուվաճառքի պայմանագիրը եւ պահանջելու հետ վերադարձնել տվյալ ապրանքի համար վճարված գումարը: Հետեւաբար «գնված ապրանքը հետ չի ընդունվում» կամ նմանօրինակ հայտարարություններն ու վահանակները հանդիսանում են օրենքի բացահայտ խախտում:

Կազմակերպության կողմից դեռեւս 2013 թ.-ին իրականացվել էին շրջայցեր Երեւան քաղաքի ավելի քան 900 իրացման կետերում, տնտեսվարողներին ներկայացվել էր օրենքի պահանջը, ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ սպառողներին տրամադրվել էին ավելի քան 2000 իրազեկող տեղեկատվական թերթիկներ: Խնդիրը համակողմանի քննարկելու նպատակով հրավիրվել էր աշխատանքային քննարկում, որին ներկա էին ինչպես ոլորտը վերահսկող պետական լիազոր մարմնի եւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչներ, այնպես էլ տնտեսվարողներ ու վերջիններիս շահերի պաշտպաններ: Քննարկման ընթացքում ներկայացվել էր առկա իրավիճակը, հորդորվել գործել՝ ելնելով ՀՀ օրենսդրության պահանջներից: Չնայած նրան, որ այս գործընթացից հետո կարծես էականորեն նվազել էր օրենքի պահանջին չբավարարող վահանակների թիվը, սակայն վերջինիս հաջորդեց էլ ավելի արատավոր երեւույթ: Կան տնտեսվարողներ, որոնք մի կողմից տեղադրել են օրենքի պահանջի վերաբերյալ իրազեկող վահանակներ, մյուս կողմից միաժամանակ խախտում են նույն օրենքը՝ հետ չընդունելով գնված ապրանքը՝ ոտնահարելով սպառողների իրավունքը:

Իրականացված աշխատանքներից հետո բացահայտված խախտումներին լուծում տալու նպատակով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ինչը հնարավորություն կընձեռեր ինչպես լուծելու խնդիրները, այնպես էլ բարձրացնելու հանրային վստահությունը պետական վերահսկողության նկատմամբ: Սակայն նախարարությունը ոչ միայն քայլեր չձեռնարկեց խնդիրների լուծման ուղղությամբ, այլեւ շարունակում է համառորեն խորհուրդ տալ սպառողներին խնդիրներ հանդիպելու պարագայում խախտված իրավունքը վերականգնել դատարանի միջոցով, մինչդեռ բաղմիցս ներկայացվել է նաեւ հիմնավորումն առ այն, թե ինչ պատճառներով դատական կարգով խախտված իրավունքի վերականգնման մեխանիզմը չի կարող արդյունավետ գործել, եւ որ օրինախախտ տնտեսվարողները պարտադիր պետք է կրեն վարչական պատասխանատվություն, քանզի օրենքով սահմանվում է ոչ թե էթիկա, այլ իրավունք եւ պարտականություն, ինչն էլ հնարավորություն կընձեռեր խնդիրը տանել դեպի ինքնակարգավորում:

Ինչպես նախկինում՝ այնպես էլ այժմ, կազմակերպությունը շարունակում է ստանալ նույնաբովանդակ ահազանգեր: Եվ եթե մի շարք տնտեսվարողներ փորձում են որեւէ հակափաստարկ ներկայացնել վերադարձ չիրականացնելու նպատակով, ապա «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերությունը, որին բաժին է հասնում ստացված ահազանգերի գերակշռող մեծամասնությունը, ոչ միայն օրենքը խախտում է բացահայտ կերպով, այլեւ սպառողներին տեղեկատվություն է տրամադրում, թե իբրեւ օրենքն իրենց վրա չի տարածվում: Նշյալ ընկերության կազմում գործում է ավելի քան 20 իրացման կետ, իսկ վերջին ահազանգը Կազմակերպությունը ստացել է կապված Միսս Սելֆրիջ (Miss Selfridge) խանութի հետ:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում Էկոնոմիկայի նախարարությանն ի վերջո քայլեր ձեռնարկել նշյալ խնդրի կարգավորման ուղղությամբ, վերանայել գործող ընթացակարգը՝ հաշվի առնելով տեղային առանձնահատկություններն եւ այն կարեւորագույն հանգամանքը, որ ՀԿ-ները չեն կարող աջակից լինել սպառողներին դատարան դիմելու հարցում, իսկ սպառողներին հորդորում ենք նախքան գնում իրականացնելը ճշտել գնվող ապրանքի փոխանակման եւ վերադարձի կարգը: Գնում չիրականացնել այն իրացման կետերից, որոնք հրաժարվում են կատարել օրենքի պահանջը եւ հրաժարվող տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացնել, որպեսզի մյուս սպառողները եւս գոնե  իրազեկվածության շնորհիվ թույլ չտան ոտնահարել սեփական սպառողական իրավունքները, մինչեւ պատկան կառույցները կորոշեն զբաղվել սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով: