Ռուսական ռազմաբազայում ծառայող զինվորների հետ կապված ունենք խնդիր. խմած-հարբած զինվորները քաղաքում վտանգ են ներկայացնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
«Կարծում եմ, որ սա 102-րդ ռազմակայանի ղեկավարության թուլության հետեւանքն է: Մեր իշխանությունը պետք է այս ուղղությամբ իր հստակ քայլերն անի: Պետք է վերահսկողություն լինի: Եթե ռուսական ռազմակայանի ղեկավարությունը չի կարողանում վերահսկել իրավիճակը, պետք է հայկական կողմը փորձի ինչ-որ բան անել»,-ասել է նա:
Մարտուն Գրիգորյանի խոսքով, նման դեպքերը ավելորդ լարվածության առիթ են տալիս, որ այս պարագայում, գյումրեցիները խառնվել են իրար, որ էլի ռուս զինծառայողը դռներ է թակել: «Մարդկանց մոտ կա վախ եւ մարդիկ սթրես են ապրում: Պետք է այս ամենի հետեւություն անեն, թե ռուսական կողմը, թե հայկական»,-ընդգծել է նա:
Հարցին՝ Գյումրիում անվստահություն կա՞ ռուսական ռազմաբազայի նկատմամբ, Մարտուն Գրիգորյանը պատասխանել է. «Դուք էլ լավ գիտեք այդ հարցի պատասխանը, որ կա կոնկրետ խնդիր այդ ուղղությամբ, ալկոհոլի ազդեցությամբ ռուս զինծառայողը միանգամից վախի մթնոլորտ, վախի տրամադրություն է առաջացնում: Այդ առումով խնդիր ունենք»:
Դիտարկմանը՝ Ավետիսյանների հետ կատարված դաժան դեպքից հետո խոսվում է, որ պետք է ռուսական ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից, պատգամավորն արձագանքել է, թե չի կարծում, որ դա միակ կամ ճիշտ լուծումն է. «Կարծում եմ՝ միակ ճիշտ լուծումն այն է, որ կոնկրետ կարողանան գործիքներ գտնել, ճիշտ վերահսկողություն կազմակերպել, իսկ ռուսական ռազմաբազան Գյումրի քաղաքի համար օգուտ է եւ վնաս չէ»:



























