Միկրոձեռնարկություններն ու խոշոր (մեծ մասշտաբով) ընկերություններն արդյունաբերության հակադիր բեւեռներում են գտնվում: Հիշեցնենք, որ մեզ մոտ «միկրո» են համարվում մինչեւ 5 աշխատակից ունեցողները, իսկ խոշոր՝ 101 եւ ավելի հոգուց բաղկացած անձնակազմ ունեցող ընկերությունները: Ձեռնարկություններում ներառված են նաեւ անհատ ձեռներեցները:
Հայաստանում միկրոձեռնարկությունները «խոշորներից»14 անգամ ավելի շատ են (գրաֆիկ 1): Իսկ ահա արտադրանքի ծավալով հարաբերակցությունը ճիշտ հակառակն է (գրաֆիկ 2): «Խոշորներն» անցյալ տարի 33 անգամ ավելի շատ արտադրանք են տվել, քան «միկրոները»:
Հարցը, իհարկե, միայն արտադրության մասշտաբի մեջ չէ: Կապ ունի նաեւ գործունեության ոլորտը: «Խոշորների» շրջանում հիմնական բնական մենաշնորհների տնտեսվարող սուբյեկտներն են՝ բարձր սակագներով եւ աշխատանքի յուրահատկությամբ: Պակաս կարեւոր նշանակություն չունի նաեւ աշխատանքի մեխանիզացիան, արդյունավետ տեխնոլոգիաների եւ ժամանակակակից սարքավորումների կիրառումը եւ այլն: Հասկանալի է, որ փոքր ձեռնարկություններն այս առումով զիջում են խոշոր ընկերություններին:
Միկրոձեռնարկությունների գերակշռող մեծամասնությունը (շուրջ 1.5 հազար միավոր կամ ընդհանուր թվի 93%-ը) զբաղված է վերամշակող արդյունաբերության ոլորտում, դրանցից 0.5 հազարը՝ սննդի արդյունաբերության: Օրինակ՝ մայրաքաղաքում հաճախ փոքր հրուշակագործական արտադրամասերը հաջողությամբ մրցակցում են խոշոր հացի գործարանների հետ:
Սակայն պնդել, որ այս ոլորտում խնդիրներ չկան, ակնհայտ չափազանցություն կլիներ: Հասկանալի է, որ ոչ մեծ ձեռնարկությունները խոշոր ընկերություններից ավելի խոցելի են: Մեր պետությունը մշտապես հայտարարում է փոքր եւ միջին բիզնեսին աջակցության մասին: Սակայն ձեռներեցներից հաճախ կարելի է այսպիսի խոսքեր լսել. «ինչ-որ առանց կերպ առանց այդ «օգնության» էլ յոլա կգնանք, միայն թե չխանգարեն աշխատել»:


Սմբատ Գրիգորյան


























