Էջմիածնի տարածաշրջանի Մուսալեռ գյուղում փետրվարի 3-ին ջերմոցի վրա աշխատանք կատարելիս ընկած եւ տեղում մահացած Ակնաշեն գյուղի բնակիչ 29-ամյա Վահե Հայրապետյանի մահվան պատճառը դեռ պարզ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ակնաշենի գյուղապետ Միսակ Միսակյանը` նշելով, որ 29-ամյա տղամարդու մահվան հանգամանքները կպարզվեն փորձաքննության արդյունքում:
«Այսքան ժամանակ չենք լսել, որ առողջությունից բողոքեր: Հիմա 2 վարկած կա` կամ հոսանքահարվել ա, կամ էլ գլուխն է պտտվել, ընկելուց ստացած վնասվածքից է մահացել։ Պատճառը կպարզվի փորձաքննությունների ընթացքում»,-ասաց գյուղապետը:
Գյուղապետի խոսքով, Վահե Հայրապետյանը բանվոր է եղել, աշխատելիս միշտ զգույշ է եղել:
«Հունվարի 9-ին աղջիկ էր ունեցել, շատ էր ուրախացել, շատ լավ հայր էր, աշխատասեր: Ամեն ինչ անում էր, որ իր ընտանիքը լավ ապրի, ոչ մի բանի կարիք չունենա: Բանվորություն էր անում, հիմնականում մոտակա գյուղեր էր գնում, ջերմոցների վրա էր աշխատում»,- ասաց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 3-ին, Էջմիածնի տարածաշրջանի Մուսալեռ գյուղում ջերմոցի վրա աշխատելիս ընկել եւ տեղում մահացել է Ակնաշենի 29-ամյա բնակիչ Վահե Հայրապետյանը:



























