Այսօր ոչ մի նախագիծ չկա ներկայացված, որը ենթադրում է, որ «Դոլմամա» ռեստորանի շենքը պետք է քանդվի եւ տարածքը վերափոխվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։

««Դոլմամա» ռեստորանի տարածքում հուշարձաններ կան ու բացի դրանից կա նաեւ միջավայր, այսօր ոչ մի նախագիծ չկա ներկայացված, որը ենթադրում է, որ այն պետք է քանդվի ու վերափոխվի։ Ես ակտիվ կմասնակցեմ Պուշկինի փողոցի կառուցապատման նախագծերին, որպեսզի միջավայրը անպայման պահպանվի»,- ասել է նախարարը։

Մեր հարցին, թե կարո՞ղ է վստահեցնել, որ, օրինակ,  «Դոլմամա»-ի շենքը չի քանդվի, պատասխանեց․«Ես չեմ ասում՝ կքանդվի, թե չի քանդվի, հուշարձանների հարցում առաջնորդվում ենք ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ, այլ օրենքով, դրանց պահպանությունը օրենքով է, եւ պետք է կառուցապատողը իր պատկերացումները, նախագիծը ներկայացնի եւ մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ նոր նախագծի շրջանակում քաղաքի հին հատվածը պահպանվի»։ 

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ Արամի 30 հասցեում գտնվող շենքի պատմությունը կրկնվի, քաղաքացիներն արթնանան ու տեսնեն, որ մի գիշերվա մեջ շենքերը վերածվեն ավերակների, Նարեկ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել։