«Քինգ Դելյուքս»-ի տնօրեն Արտակ Եղոյանը չի ցանկանում մեկնաբանել Տուլայում նոյեմբերին վթարված` իրենց ընկերությանը պատկանող ավտոբուսի վարորդի փաստաբանի հայտարարությունը, որ ավտոբուսը չի համապատասխանել չափանիշներին:

«Չգիտեմ` ինչ է ասում փաստաբանը: Փորձաքննության պատասխանները պարզ չեն դեռ: Համապատասխան մարմինները զբաղվում են, երբ իրենց վերջնական որոշումը կլինի, բալորս ամեն ինչի մասին տեղյակ կլինենք»,- ասաց Արտակ Եղոյանը:

Հիշեցնենք, որ  վարորդ Գառնիկ Հարությունյանի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ վթարված ավտոբուսը, իրենց տեղեկություններով, չի համապատասխանել չափանիշներին, այդ պատճառով իրենք կարծում են, որ դա է եղել վթարի պատճառը:

Նշենք, որ վթարի պատճառի պաշտոնական վարկած դեռ չկա: Վարկածներ էին շրջանառվում, որ վարորդը արագությունն է գերազանցել, կամ բջջային հեռախոսով է խոսել:

Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։ Նա գտնվում է ՌԴ-ում: