«Շտապօգնության» կենտրոնական ենթակայանում բժշկի վրա հարձակված տղամարդը ծնունդով Արցախից է, բայց արդեն երկար տարիներ է, ինչ Հայաստան է տեղափոխվել, գիշերում է Երեւանի կամ Էջմիածնի փողոցներում:
Հոգեկան հիվանդությամբ տառապող Արզումանին Էջմիածնում ճանաչում են բոլորը։
«Տուն, տեղ չունի, դրսում է քնում, դրա հետեւանքով էլ մատերը ցրտահարվել են, կտրել են»,- NEWS.am–ին պատմեց մի էջմիածնեցի:
Արզումանը ապրում է բարի մարդկանց օգնությամբ, ժամանակ առ ժամանակ էլ տարբեր ավտոկայանտեղիներում որպես հսկիչ է աշխատում:
«Մեկ Երեւանում ա լինում, մեկ Էջմիածնում: Տանում ենք մեր մոտ, շոր ենք տալիս, ուտելու բան ենք տալիս»,- պատմեց մեկ այլ էջմիածնեցի:
Արզումանին ճանաչում են նաեւ Երեւանում։ Նա մի քանի ոստիկանությունում է հայտնվել տարբեր միջադեպերի պատճառով, որտեղից որպես կանոն տեղափոխվել է հոգեբուժարան։
Փետրվարի 2–ի միջադեպը տեղի էր ունեցել, երբ Արզումանը գնացել էր «Շտապօգնության» կենտրոնական ենթակայան եւ քնելու տեղ պահանջել։ Նա հարձակվել էր բժիշկներից մեկը, ինչը տեսնելով` բուժակ Վաղարշակ Սահակյանը օգնության էր հասել, սակայն ընկել էր ու կոտրել ոտքը։
Վաղարշակ Սահակյանը հիվանդանոցում է, վիրահատվել է: Արզումանին դեպքից հետո տեղափոխել են Ոստիկանություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



























