Սիրիայի աջակցության միջազգային խումբը, առանց ահաբեկիչների ցուցակի եւ ընդդիմության միասնական պատվիրակության, կարող է աշխատանքային մարմնից վերածվել քննարկման ակումբի։ Այս մասին իտալական Limes ամսագրին տված հարցազրույցում ասել  է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ընդգծում ենք, որ ՄԱԿ ԱԽ 2170, 2177, 2199 եւ 2249 բանաձեւերը պետք է անվերապահորեն կատարվեն բոլորի կողմից։ Դա վերաբերում է նաեւ այն խնդիրների իրականացմանը, որոնք իրենց առջեւ դրել են Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամները։ Առաջին հերթին՝ Հորդանանի համակարգող դերի պարագայում համաձայնեցնել հարցը, թե ովքեր են Սիրիայում ահաբեկիչներ համարվում»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ համապատասխան ցուցակը Սիրիայի աջակցության միջազգային խմբի  կողմից հաստատվելուց հետո պետք է բանաձեւի նախագծի տեսքով ներկայացվի ՄԱԿ ԱԽ։

«Երկրորդ հերթին՝ Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրայի եւ մյուս մասնակիցների ջանքերով աջակցել Սիրիայի ընդդիմության ամենալայն շրջանակներին ընդհանուր բանակցային հարթակ մշակելու եւ Սիրիայի կառավարության հետ բանակցություններ վարելու համար պատվիրակություն ձեւավորելու համար»,- նշել է Լավրովը։

Արտգործնախարարը հավելել է, որ առանց այդ երկու խնդիրների կատարման հետա միջսիրիական կարգավորման գործընթացը հնարավոր չէ։