Հոգեբան Աննա Բադալյանն իր պրակտիկայում մի քանի տարի առաջ առաջին ու վերջին անգամ  է հանդիպել, երբ ընտանիքում կնոջ կողմից ֆիզիկական բռնության ենթարկված տղամարդը օգնության համար դիմել է իրեն: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանը` նշելով, որ տղամարդիկ նույնպես ենթարկվում են ընտանեկան բռնության, բայց միշտ չէ, որ դիմում են մասնագետի օգնությանը:

«Մի քանի տարի առաջ էր եւ ինձ համար աղետ էր, երբ ներկայացավ տղամարդ,  որը ֆիզիկական բռնության էր ենթարկվել, արդյունքում հասկացա, որ կամազուրկ էր` կամային հատկանիշներից բացարձակ զուրկ էր: Ինքը ընկճված էր, խեղճ էր, այս պարագայում սկսեցինք նյարդաբանի հետ աշխատել, ընտանիքը չպահպանվեց, բայց որպես տղամարդ նա որոշ չափով կայացավ»,-ասաց հոգեբանը:

Աննա Բադալյանի խոսքով, բռնության ընկալումը ազգի հոգեկերտվածքի հետ է   կապված:

«Երբ օրինակ` ԱՄՆ-ում սեղանին, եթե աղ չկա դրված, տղամարդը կնոջը խնդրում է որ աղը բերի, իսկ հայ ընտանիքում դա այդպես չէ, կինը պարտավոր է աղը բերի, եթե չկա տղամարդը նրանից դա պահանջում է»,-ասաց նա:

Հոգեբանի խոսքով, ընտանեկան բռնության ենթարկված կանայք նույնպես մեղավոր են, ըստ հոգեբանի` եթե տղամարդու ձեռքը բարձրանում է կնոջ վրա, ուրեմն կինը թույլ է տալիս, եթե կինը հոգեբանորեն հասուն է եւ կարողանում է իրեն ճիշտ դրսեւորել, նրա նկատմամբ բռնության դեպքեր չեն լինի:

Աննա Բադալյանը նշեց, որ ընտանեկան բռնությունը վատ է անդրադառնում ընտանիքի երեխայի վրա. տեղի է ունենում անձի աղճատում, երեխան դառնում է զոհի հոգեբանության կրող եւ որպեսզի վրեժ լուծի իր չկայացած մանկության համար դառնում է բռնարար:

«Երեխայի մոտ սկսվում է նաեւ անձի երկատում, նա ընկճված, մելանխոլիկ անձ է դառնում, ստեղծում է իր աշխարհը եւ դա եւ երեխայի վրա է վատ անդրադառնում եւ շրջապատի»,-ասաց հեգոբանը: