Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ուսումնասիրության արդյունքներով, 2015-ի ընթացքում բենզինի գները նվազել են, 470 դրամից հասնելով 390-ի: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, կառավարության նիստի ժամանակ նշել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Բենզինի գինը 470-ից դարձել է 390. սա՝ եթե հաշվում ենք դրամով, իսկ եթե դոլարային համեմատություն անենք, ապա նախորդ տարի բենզինի գինը նվազել է 28 տոկոսով, քանի որ այն իրացվում է հայկական դրամով և ներմուծվում է ամերիկյան դոլարով»,-ասել է նա ու հավելել, որ գնի բարձր կամ ցածր լինելը որոշելուց առաջ պետք է նախ ուսումնասիրել բենզինի ձեռքբերման գները ու երբ վաճառքի գները համեմատում ենք ձեռք բերման գների հետ, ապա վաճառքի գների նվազումն ամբողջությամբ ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին:
Շաբոյանը նշել է, որ իրենք ուսումնասիրել են նաև տարբեր երկրներում իրավիճակը եւ պարզել, որ մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Չեխիայում 2015 թվականին բենզինի գները եվրոյով նվազել են 7-10 տոկոսով, մինչդեռ Հայաստանում եվրոյով հաշվարկելու դեպքում բենզինի գները նվազել են 14 տոկոսով:
ՏՄՊՊՀ նախագահը ընդգծել է նաեւ, որ այս պահին մեր երկիր բենզին են ներկրում երկու խոշոր ընկերություն՝ Ֆլեշ-ը եւ CPS-ը: «Նրանց գործունեությունը մշտապես մեր ուսումնասիրության կետրոնում է եւ այս պահին մուտքի խոչընդոտեր կամ մրցակցության բացակայություն այդ ոլորտում չկա»,-ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ եթե կլինեն տնտեսվարողներ, որոնք այս ոլորտում կհանդիպեն խոչընդոտների, թող դիմեն իրենց:


























