Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլեւ հնարավորությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությանը չխաթարող էներգակիրների գինը»,- նշել է նա՝ հավելելով, որ իրենք շահագրգռված են, որպեսզի հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ Հայաստան» ընկերությունը լինի կայուն եւ խելամտորեն շահութաբեր:
«Սակայն տնտեսության եւ բնակչության համար եւս գները պետք է լինեն մատչելի եւ շահավետ: Գազի սպառման ծավալների նվազումն ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում:
Կարծում եմ, որ «Գազպրոմ Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը եւ իր վերադասին ներայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»,-ընդգծել է վարչապետը:


























