Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը պնդում է, որ իրենք չեն համագործակցում կազմակերպությունների հետ, որոնք օֆշորում են գրանցված:

«Մեզ հայտնի չէ շինարար, մեր ծրագրերի մասնակից, որն օֆշորում գրանցված է: Ինքներդ էլ լավ գիտեք, որ օֆշորում գրանցված լինելը սահմանափակում չէ, սակայն մենք չունենք պայմանագրի կողմ, որը գրանցված է օֆշորում»,- այսօր՝ փետրվարի 4-ին, «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը միջեւ 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց Արթուր Առաքելյանը:

Նշենք, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր հետաքրքրվեց, թե կազմակերպությունները, որոնք մշտապես աշխատում են իրենց հետ, գրանցված են օֆշորում, թե ոչ:

Հիշեցնենք, որ վարկային այս ծրագիրը շարունակական բնույթ է կրում եւ ուղղված է մարզերի համայնքային ճանապարհային ցանցի զարգացմանը: Ըստ Արթուր Առաքելյանի՝ առաջինը տրվել է 2013թ-ին, սա էլ երկրորդ վարկն է:

«Վարկային արժեքն է 40 մլն ԱՄՆ դոլար, որը նախատեսվում է սպառել 2016-2019թթ. ընթացքում եւ արդյունքում վերակառուցել 190 կմ ճանապարհ: Վարկն արտոնյալ է իր բնույթով, մարման ժամկետը 25 տարի է, տոկոսադրույքը լողացող է»,- ասել է Արթուր Առաքելյանը: