«Նաիրիտ» գործարանի նախկին ու ներկա աշխատակիցները նախընտրում են հույսը դնել իրենց վրա ու անկախ կառավարության տված խոստումներից՝ պայքարել այնքան ժամանակ, մինչեւ գործարանը վերագործարկվի: Այսօր՝ հունվարի 4-ին, այս պահանջով նաիրիտցիները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի մոտ:

«Նախարարի հայտարարությունը, որ մեկ ամսվա ընթացքում «Նաիրիտի» գույքի հետ կապված բոլոր իրավասությունները կանցնեն Հայաստանին, բանակցություններ կլինեն ներդնողների հետ դրական ենք գնահատում, բայց համոզված չենք, որ ամեն ինչ նորմալ կընթանա: Այս տարիների ընթացքում եղել են նաեւ այլ ներդնողներ, սակայն ներկայացված մեծ գումարների պատճառով  հրաժարվել են: Դրա համար մենք հույսը դնում ենք միայն մեզ վրա»,- NEWS.am-ին ասաց նաիրիտցիներից Կարինե Շահվերդյանը:

Նաիրիտցիների խոսքով՝ իրենք Կառավարության մոտ հավաքվելու են այնքան, մինչեւ գործարանը վերագործարկվի:

Հիշեցնենք, որ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը նախորդ օրը Ազգային ժողովում ասել է, որ Կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կավարտի «Նաիրիտ» գործարանի ունեցվածքի եւ բաժնեմասերի վերահսկիչ փաթեթի իրավունքները ստանալու գործընթացը։ Նա նշել է, որ գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը դե ֆակտո փոխանցվել են Կառավարությանը։