Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող կուրսանտների պաշտպանները ցանկանում են, որ սպանության գործի հետ քննվեն նաեւ դրա հետ առնվող մյուս գործերը:

Պաշտպաններից մի քանիսն այսօր՝ փետրվարի 4-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեցին, որ Հայկազ Բարսեղյանի հետ սպանության օրը վիճելու եւ նրան հարվածելու մեջ մեղադրվող Կարեն Բաղրամյանի գործը միացվի սպանության գործին՝ պատճառաբանելով, որ նա ցուցմունքներ է տվել, որոնք էական նշանակություն ունեն այս գործի համար:

Պաշտպանները միջնորդեցին, որ սպանության գործին միացվեն նաեւ մարտկոցի հերթապահ Թելման Մխիթարյանի եւ օրապահ Խաչիկ Մինասյանի գործերը, որոնք, ըստ մեղադրանքի՝ անփույթ վերաբերմունք են ցույց տվել, ու դրա հետեւանքով սպանվել է Հայկազ Բարսեղյանը:

Ամբաստանյալներից Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նշեց, որ քանի դեռ  սպանության գործով դատավճիռ չի կայացել եւ չի հաստատվել, որ սպանություն է տեղի ունեցել, ճիշտ չէ առանձին վարույթով քննել նրանց գործերը: Նրա խոսքով՝ մեղադրանքում նշվում է, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է, ինչն իրավական առումով ճիշտ չէ:

Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ դատաքննության այս փուլում այդ միջնորդությունը չեն կարող քննարկվել:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: