Վերջին տասը տարիներին (2005-2015 թվականներին) Հայաստանում արձանագրված իրավախախտման դեպքերի թիվն աճել է ավելի քան 1.9 անգամ: Նախ նշենք, որ հանցագործությունների փաստացի թիվը, բնականաբար, արձանագրված թվից ավելին է: Ասենք՝ հասարակական տրանսպորտում գողացել են քաղաքացու դրամապանակը, եւ նա չի դիմել ոստիկանություն՝ հույս չունենալով, որ կբռնեն գողին:

Տնտեսական տեսանկյունից հետաքրքրություն են ներկայացնում սեփականության դեմ հանցագործությունները: Մեկ տասնամյակի ընթացքում անձնական, պետական եւ հանրային սեփականության նկատմամբ արձանագրված հանցագործությունների թիվն աճել է շուրջ 2.1 անգամ:

Ընդ որում, «առաջընթաց» տեմպերով՝ գրեթե 2.3 անգամ աճել են անձնական սեփականության դեմ հանցագործությունները: Դրա հետեւանքով արձանագրված իրավախախտումների ընդհանուր թվում դրանց մասնաբաժինը մեկ տասնամյակում 33%-ից հասել է 39%-ի:

Աշխարհում բազմաթիվ տեսություններ կան, որոնք փորձում են բացատրել այլոց սեփականության հափշտակման գծով հանցագործությունների պատճառները: ԽՍՀՄ-ում տարածված էր, այսպես կոչված, «սոցիալական կոնֆլիկտի տեսությունը», որը մշակել էին կոմունիզմի դասականները: Դրա էությունը քաղաքացիների սեփականության անհավասարության մեջ էր, որը որոշ աղքատների մոտ հարուստներին թալանելու ցանկություն էր առաջացնում: Սրանից ելնելով՝ խորհրդային գաղափարախոսները կարծում էին, որ միայն կոմունիզմի կառուցմամբ է հնարավոր արմատախիլ անել գողության պատճառները (երբ բոլորը հավասար լինեն):

Արեւմուտքում տեսություններն ավելի բազմազան են, ընդհուպ մինչեւ ծանր հանցագործությունների պարզաբանումը գենետիկ հակվածությամբ: Իհարկե, ո՛չ բոլորն են ի ծնե հանցագործ: Իրավախախտների մի մասին գողության է մղում ծայրահեղ կարիքը, հնարավոր է՝ նաեւ անհույս պարտքերը եւ այլն: Այնպես որ՝ հաց գողացողին չի կարելի համեմատել կրկնահանցագործի հետ:

Ներկայացված գրաֆիկում անձնական սեփականության նկատմամբ հանցագործությունների հիմնական տեսակների դինամիկան է: Նշենք, որ այդ հանցագործությունների ամենավտանգավոր տեսակը կողոպուտն է: Այսինքն՝ այլոց սեփականության հափշտակումը սեփականատիրոջ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության կիրառմամբ (կամ կիրառման սպառնալիքով): Թալանը սեփականության բացահայտ, իսկ գողությունը՝ գաղտնի հափշտակումն է: Հանցագործության այս տեսակների միջեւ սահմանները հստակ չեն: Ասենք՝ գողությունը դյուրությամբ անցնում է թալանի, եթե սեփականության տերը գողության պահին հայտնաբերել է հանցագործին եւ այլն:

Բնակարանային գողությունն առանձին կատեգորիա է, այն կարող է լինել գաղտնի (գողություն), ակնհայտ (թալան), ինչպես նաեւ սեփականատիրոջ կյանքի եւ առողջության համար սպառնալիքով (կողոպուտ): Հանցագործության վերջին տեսակը վերջին տասնամյակում նվազման միտում ունի, սակայն սեփականության հափշտակման մյուս տեսակներն աճման միտում ունեն, հատկապես՝ գողության մասով:

Սմբատ Գրիգորյան