Գյումրու մինի կենդանաբանական այգու կենդանիներին օգնելու համար միջազգային կայքում կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքված գումարը կօգտագործվի այլ նպատակով` Հայաստանում անազատության մեջ գտնվող կենդանիներին օգնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց SOS Gyumri Zoo animals նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը` նշելով, որ Գյումրիի մինի կենդանաբանական այգու կենդանիներին օգնելու համար գտնվել են տարբեր բարերարներ եւ կազմակերպություններ, որոնց միջոցով հնարավոր է լուծել կենդանիների կերակրման, տեղափոխման հարցերը:
Նրա խոսքով, SOS Gyumri Zoo նախաձեռնությունը, որը սկսել է զբաղվել Հայաստանում անազատության մեջ գտնվող կենդանիներին գտնելով եւ նրանց խնամքի հարցը լուծելով, որոշել է դրամահավաքի արդյունքում հավաքված գումարն ուղղել օգնության կարիք ունեցող կենդանիների խնամքին:
«Արդեն լուծված է արջերի տեղափոխման եւ առյուծների ժամանակավոր կացարանի ու նրանց առողջական վերականգնման հարցը, մնում է, որ նրանց համար գտնենք մի այնպիսի երկիր, որը կունենա կենդանիների վերականգնողական կենտրոն` բնական միջավայրով»,-ասաց Սիլվա Ադամյանը:
Նշենք, որ Գյումրու մինի կենդանաբանական այգու կենդանիներին օգնելու համար միջազգային կայքում կազմակերպված դրամահավաքի արդյունքում 16 օրում հավաքվել է 16.767 դոլար, դրամահավաքի ավարտին դեռ կա 44 օր:



























