Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող, նրա համակուրսեցի Մովսես Ազարյանի հայրը պնդում է, որ որդուն քննիչները ստիպել են ցուցմունք տալ մյուս կուրսանտների դեմ, ինչը նա չի արել ու հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում:

«Էն սկզբում, երբ խոսել եմ իմ երեխու հետ, պատմել ա, որ քննիչն իրեն ասել ա՝ ուզում ես դուրս գաս, պիտի գրես մյուս երեքի վրա, որ տեսել ես, չես գրում, ուրեմն ցմահ ես: Էդ երեխեն էլ ասել ա՝ ավելի լավ ա ցմահ գնամ, քան գրեմ մի բան, որ չեմ տեսել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոմիկ Ազարյանը:

Ռոմիկ Ազարյանը նշեց, որ իր որդու մասին ինստիտուտի հրամանատարներից մեկը՝ Դավիթ Դավթյանը, բնութագիր է գրել, որն, իր համոզմամբ, իրականությանը չի համապատասխանում:

«Գրել ա՝ ոչ կուրսանտ ա, ոչ մարդ, ոչ էլ մարդկությանը պիտանի մարդ ա: Բայց եթե էդպես էր, ո՞նց մի անգամ նկատողություն չի ստացել Մովսեսը: Էդ հրամանատարին էլ ասել են՝ կամ սենց էս գրում, կամ քեզ խորտակում ենք»,- ասաց Ռոմիկ Ազարյանը:

Նշենք, որ Դավիթ Դավթյանին կուրսանտի սպանությունից հետո նույնպես մեղադրանք է առաջադրվել, բայց այն կապ չունի սպանության հետ: Նա մեղադրվում է, որ զեկուցվել է Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող կուրսանտներ Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի ու մեկ այլ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանի կողմից Տիգրան Մանասերյանի հետ վիճաբանելու և նրան հարվածելու վերաբերյալ, պատշաճ միջոցներ չի ձեռնարկել տեղի ունեցածի հանգամանքները պարզելու, ու դրա հետեւանքով  տվյալ ստորաբաժանումում ստեղծել է անպատժելիության մթնոլորտ:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել:

Կուրսանտները կալանավորված են, գործի դատաքննությունը սկսել է: