Ես «Արարատից» հեռացա ոչ թե իմ, այլ թիմի նախաձեռնությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստ Արտյոմ Խաչատուրովը, ով մի քանի օր առաջ պայմանագիր էր կնքել Երեւանի «Արարատի» հետ, իսկ օրեր անց լքել թիմը:
«Արարատի» պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ Արտյոմ Խաչատուրովի հետ պայմանագիրը խզվել է ֆուտբոլիստի նախաձեռնությամբ:
«Արարատի» ներկայացուցիչները ձմեռային տրանսֆերի ժամանակ կապ հաստատեցին իմ գործակալի հետ: Ղազախական թիմի հետ պայմանագիրն ավարտվում էր, եւ ես եկա Երեւան: Մի քանի օր հետո պայմանագիր կնքեցի եւ թիմի հետ մեկնեցի Սոչի, որտեղ «Արարատը» պետք է անցկացներ ձմեռային հավաքը: Վերադառնալիս ինձ ասացին, որ գամ Հայաստան եւ խզեմ պայմանագիրս: Ոչ բացատրեցին, թե ինչու, ոչ էլ ես հասկացա թե ինչ եղավ: Ես եկա խզեցի եւ մեկնեցի: Կցկտուր մեկնաբանություններից հասկացա միայն, որ մարզիչն ինքը չի ցանկացել, որ ես մնամ: Սակայն երբ հրավիրում էին ասում էին, որ մարզիչն էր հետաքրքրված: Այժմ մնացի առանց թիմի»- ասաց ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ սա առաջին անգամ չէ, որ Արտյոմ Խաչատուրովը Հայաստան գալուն պես բախվում է խնդիրների: Տարիներ առաջ, երբ նա Մոլդովայի հավաքականի ավագն էր՝ Հայաստանի ազգային հավաքականն ընտրելուց հետո, կորցրեց իր մշտական տեղը մոլդովական «Շերիֆում», իսկ հավաքականում իրեն դրսեւորելու հնարավորություն գրեթե չստացավ:
Վերա Մարտիրոսյան / Vera&Football





























