Ազատ հասարակությունից բանակը տարբերվում է իր ռեժիմով, կարգապահությամբ եւ այնտեղ արատավոր բարքերի դեմ պայքարը կարելի է ավելի հետեւողական մղել, քան ազատ հասարակության մեջ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, Երեւանի պետհամալսարանում ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ես բանակում արգելել եմ անել երկու արտահայտություն։ Առաջինը՝ բանակը հասարակության հայելին է, եւ երկրորդ՝ բոլոր բանակներում էլ տեղի են ունենում միջադեպեր»,-ասել է նախարարն ու հավելել. «Արգելել եմ ասել, որ բոլոր բանակներում էլ այսպիսի դեպքեր լինում են, որովհետեւ մենք ազգային բանակի կատարելության հասնելու վերջնագծում ենք, որտեղ բացառիկ աստիճանի պետք է լինեն հայրենասիրության բարձր հատկանիշները, ազգային ավանդույթները, մարդկային բացառիկ հարաբերությունները եւ այլն»:



























