Դատաձեռագրաբանական եւ դատակենսաբանական մանրաթելային փորձաքննությունները չեն ապացուցում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող կուրսանտները եղել են նրա սենյակում: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փորձաքննությունների եզրակացությունները հրապարակելուց հետո ասաց ամբաստանյալ Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյանը:

«Ոչ մի տեղ չկա ամբաստանյալներից մեկից հետք: Հերքվում է տեղեկությունը, թե դեպքի ժամանակ սենյակում են եղել: Այնինչ ըստ եզրակացության՝ սպանելուց հետո իմ պաշտպանյալը հագցրել է Հայկազ Բարսեղյանի հագուստները, տեղափոխել են, տարել, կախաղան են հանել: Տուժողների հագուստների վրա էլ ոչ մի հետք չի հայտնաբերվել»,- ասաց Արա Զաքարյանը:

Գործով դատախազը հակադարձեց, որ որոշների վրա հետքեր հայտանբերվել են, պարզապես հստակ որոշել հնարավոր չի եղել, բայց արձանագրվել է, որ դրանք, հնարավոր է՝ լինեին Հայկազ Բարսեղյանինը:

Անդրադառանլով այն փաստին, որ պտտաձողի վրա արյան հետքեր են հայտանբերվել, Արա Զաքարյանը նշեց, որ եթե մահը վրա է հասել 408 սենյակում, ապա ինչպես կարող էին պտտաձողի վրա հայտանբերեվել տուժողի արյան հետքերը:

Դատախազը նշեց, որ անհանսկանալի է՝ ինչից ելնելով է փաստաբանը ասում, թե 408 սենյակում է մահը հասել, իսկ որոշել՝ արյունը մահացած մարդուն է պատկանում, թե ողջ:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: