Դատահոգեբանական փորձաքննությունը պարզել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի անունից թողած երկտողը գրողը չի եղել այնպիսի վիճակում, որ ինքնասպանություն գործեր:

Այս մասին ասվում է փորձաքննության եզրակացության մեջ, որն այսօր՝ փետրվարի 11-ին, հրապարակվեց  Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Անդրադառնալով այն կուրսանտներին, որոնք, ըստ պաշտոնական վարկածի, սպանության ժամանակ եղել են նույն սենյակում, փորձագետը նշել է, որ նրանք՝ Սամվել Սերոբյանը, Գեւորգ Վարդանյանը, Նորիկ Օհանջանյանը, Կարեն Բաղրամյանը, Հովհաննես Պետրոսյանը, Տիգրան Դեմիրճյանը, ականատես լինելով Հայկազի նկատմամբ մեղադրյալների  կատարած գործողություններին, ընկել են այնպիսի վիճակի մեջ, որ չեն կարողացել կանխել դրանք: 

Ըստ փորձագետի՝ վախի ազդեցության տակ կարող են միայն իրական ընկալման աննշան շեղումներ առաջանալ, սակայն դա չի կարող ազդել ցուցմունքի  արժանահատավության վրա:

Փասատաբանները հրապարակումից հետո կասկած հայտնեցին դրա արժանահավատ լինելու վերաբերյալ՝ նշելով, որ, օրինակ, Նորիկ Օհանջանյանը հոգեկան հիվանդություն է ունեցել, եւ նրա հարցաքննությունը պետք է դատաբժիշկն իրականացներ: Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդեց անթույլատրելի ճանաչել փորձաքննությունը, միջնորդությանը միացավ Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանը միջնորդեց փորձագիտական եզրակացությունը տված փորձագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլդա Գրինին կանչել դատարան: Դատարանը հետաձգեց  միջնորդության քննարկումը:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: