Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը 1 տարով ազատազրկման է դատապարտել Անցած տարվա հուլիսին սահմանն ապօրինի հատած, Թուրքիայի քաղաքացի Քերեմ Եթգինիին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Եթգինին նպատակ է ունեցել Թուրքիայից ապօրինի մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք: 2015թ. հուլիսի 15-ին Թուրքիայի Հանրապետության տարածքից հասնելով հայ-թուրքական պետական սահման, ժամը 07:00-ի սահմաններում, նա ՀՀ Արարատի մարզի Եղեգնավան համայնքի վարչական տարածքով` թիվ 7/6 սահմանային նշանից մոտ 100 մետր դեպի հարավ ընկած հատվածով, ապօրինի` առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է սահմանն ու մուտք գործել Հայաստան: Սակայն ժամեր անց Եթգինին հայտնաբերվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից:

Դատարանը քննությունն իրականացրել է արագացված կարգով, քանի որ ամբաստանյալը նման միջնորդություն էր ներկայացրել: Առաջին ատյանի դատարանը Քերեմ Եթգինին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: