13-ամյա Աբրահամի մոտ բժիշկները 5 ամիս առաջ թոքի քաղցկեղ են ախտորոշել: Դրանից հետո Աբրահամն ավելի լռակյաց, չշփվող է դարձել, միեւնույն ժամանակ ավելի կապվել իր սիրելի զբաղմունքին: Յուղաներկով ու պլաստիլինով արած նկարներում Աբրահամի՝ գունավոր կյանքի երազանքներն են:

Նկարներն այսօր՝ փետրվարի 15-ին, քաղցկեղով հիվանդ այլ երեխաների աշխատանքների հետ ցուցադրվեցին ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրում բացված ցուցահանդես-վաճառքին:

«Նման միջոցառումների նպատակն է, որ մարդկանց համախմբենք այս խնդրի շուրջ, նաեւ հետաքրքիր դարձնենք երեխաների առօրյան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի մանկական ուռուցքաբան Գեւորգ Թամամյանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես բուժման փուլում գտնվող, այնպես էլ քաղցկեղն արդեն հաղթահարած երեխաների  աշխատանքները` նկարներ, զարդեր, պլաստիլինից գործեր:

6-ամյա Ռուզաննան հաղթահարել է տարիներ առաջ իր մոտ ախտորոշված արյան լեյկոզը:

«Երբ մեծանամ, մատնահարդար եմ դառնալու»,- ասում է նա ու ցույց տալիս իր գունեղ նկարը: Մայրն էլ ուրախությամբ շարունակում է դստերը խոսքն ու շտապում ասել, որ Ռուզաննան արդեն բուժվել է ու  հիվանդանոց միայն պրոֆիլակտիկ ստուգումների նպատակով է այցելում:

Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպել էին Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցը եւ «Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիան»: Վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Ցուցահանդես-վաճառքին ներկա էր նաեւ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Դոկտոր Սուրեշ Բաբուն:

Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: