Ոստիկանությունն արձագանքել է NEWS.am լրատվական կայքում փետրվարի 16-ին զետեղված «15-ամյա Մաթեւոսը փողոցում անձեռոցիկ է վաճառում. հատուկ դպրոցի տնօրենը դիմել է թաղապետին եւ ոստիկաններին» հրապարակմանը: 

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 15-ամյա Մաթեւոսը դեռեւս 2013թ. հոկտեմբերի 7-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում վերցվել է պրոֆիլակտիկ քարտային հաշվառման։ Հաշվառման մեջ գտնվելու ընթացքում նրա հետ տարվել են պրոֆիլակտիկ տարաբնույթ աշխատանքներ։ 2014թ. մարտի 18-ից քարտային հաշվառումը շարունակվել է ոստիկանության Էրեբունու բաժնում, քանի որ տղան ընդունվել է թիվ 1 հատուկ կրթահամալիր։

2015թ. նոյեմբերի 19-ին արդեն ոստիկանության Նոր Նորքի բաժին թիվ 1 հատուկ կրթահամալիրից գրություն է ստացվել, որ հոկտեմբերի 28-ին Մաթեւոսը գնացել է տուն, չի վերադարձել եւ չի պատասխանում հեռախոսազանգերին։ Նշվածի վերաբերյալ նրա մայրը ոստիկանության Նոր Նորքի բաժնում իր բացատրությամբ հայտնել է, որ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, հնարավորություն չունի այցելելու որդուն՝ նշված կրթահամալիր, եւ ցանկացել է, որ վերջինս հաճախի իրենց բնակության վայրին մոտ ուսումնական հաստատություն, գտնվի իր հսկողության տակ, քանի որ նրա վարքում առկա են դրական փոփոխություններ։ Նշվածի վերաբերյալ գրավոր տեղեկացվել է թիվ 1 հատուկ կրթահամալիր։

Այս տարվա փետրվարի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Մաթեւոսը հունվարի 29-ին ժամը 19:00-ին Երեւանի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից անձեռոցիկ վաճառելու համար ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Նրա մայրը հրավիրվել է ոստիկանության բաժին, որտեղ պարտավորվել է լինել ավելի հետեւողական, իսկ անչափահասի հետ անցկացվել է պրոֆիլակտիկ բնույթի զրույց։

Փետրվարի 15-ին Մաթեւոսին աջակցություն ցուցաբերելու նպատակով ոստիկանության Նոր Նորքի բաժնից գրություն է ուղարկվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժին։