Գերմանիայի Համբուրգ քաղաքում փետրվարի 13-ին եւ 14-ին  միջոցառումներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանությանը եւ իսլամացված հայերի թեմաներով: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:

Աղբյուրի համաձայն` սեմինարները կազմակերպվել են «Ռոզա Լյուքսեմբուրգ» անվամբ գերմանական հիմնադրամի կողմից: Փետրվարի 13-ին Համբուրգի ալեւիների համայնքի սրահում կայացած «Իսլամացված հայերը Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում» վերնագրով սեմինարին սույն թեմայի շուրջ ելույթներով հանդես եկան Թուրքիայից Գերմանիա տեղափոխված, մասնագիտությամբ փաստաբան Իլիաս Գեւորգ Ույարը, Գերմանիայի ալեւիների միությունների կրթության հարցով պատասխանատու Իսմայիլ Քափլանը եւ թուրքագետ, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Մելինե Անումյանը: Սեմինարի համակարգողն էր գերմանաբնակ թուրք գրող Դողան Աքհանլըն, ով տարիներ շարունակ Թուրքիայի կողմից հետապնդվել է` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար: Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 150 հոգի, այդ թվում` 15 գերմանացիներ (թուրքերենով կազմակերպված սեմինարի ժամանակ կատարվում էր նաեւ գերմաներենով համաժամանակյա թարգմանություն): Նրանց մեջ էր նաեւ գերմանացի հայտնի ցեղասպանագետ Վոլֆգանգ Գուստը:

Փետրվարի 14-ին Եվրոպայի քարաբալըցիների միությունում (Քարաբալըն գյուղ է ներկայիս Յոզղատ նահանգում) կազմակերպված միջոցառումը կրում էր «Յոզղատը 100 տարի առաջ» խորագիրը: Սույն սեմինարի բանախոսներից Մելինե Անումյանը զեկուցում ունեցավ Յոզղատի հայության տեղահանության եւ կոտորածների դատավարության թեմայով, իսկ թուրք գրող Դողան Աքհանլըն հանդես եկավ հիշելու եւ առերեսվելու մշակույթի մասին ելույթով: