Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից փետրվարի 6-ին անհետացած ու օրեր անց հայտնաբերված զինծառայող Ազիզ Բաքոյանը հոսպիտալում է: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա հայրը՝ Քյարամ Բաքոյանը:

«Ձեռքը ցավում էր երկար ժամանակ, այդ պատճառով էլ հոսպիտալ է տեղափոխվել: Արդեն ապաքինվում է: Մի քանի օրից կգնա զորամաս»,- ասաց զինծառայողի հայրը:

Հիշեցնենք, որ զինծառայողը հայտնաբերվել էր անհետացումից 4 օր անց՝ Օշականի իրենց տանը: Նա չորս օրում զորամասից ոտքով էր հասել իրենց տուն: Պատմել էր, որ ձեռքը ցավում է, իրեն բուժման չեն տանում, բացի այդ՝ արձակուրդ չեն տալիս:

Հարուցվել է քրեական գործ ՔՕ 361-րդ հոդվածի 1-ին մասով՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը: