Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար: Այս մասին, փետրվարի 16-17-ին Վիեննայում «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների զինվորական եւ քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հինգ տարին մեկ անգամ անցկացվող միջոցառումը նպատակաուղղված էր անվտանգային միջավայրի փոփոխությանը զուգընթաց դոկտրինալ լուծումների շուրջ մտքերի փոխանակմանը:

Սեմինարին հանդես գալով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները լուսաբանող ելույթով՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը մասնավորապես նշեց. «ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործնթացի համար նպաստավոր պայմաններ ձեւավորելու նպատակադրմամբ, նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ: Դրանցից է «Սանձահարման/Զսպման համակարգը» (Deterrence system), որը Հայաստանի Հանրապետությունը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար: «Սանձահարումը/Զսպումը» մեր դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայական:

Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելի քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ: Այնպես որ՝ Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահասկման ոլորտում առկա սահմանափակումները: «Սանձահարման/Զսպման  համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով:

Վիեննայում գտնվելու ընթացքում Դավիթ Տոնոյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ռոուզ Գոթեմոլերին: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության, սպառազինությունների վերահսկման, ինչպես նաեւ Հայաստանում հումանիտար ականազերծման նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր: