Իրանի, Իրաքի, Վենեսուելայի եւ Կատարի նավթի նախարարները փետրվարի 17-ին Թեհրանում համաձայնության չեն եկել նավթի գների պահպանման համար սեւ ոսկու արդյունահանումը 2016թ. սառեցնելու հարցի շուրջ, սակայն պատրաստ են շարունակել խորհրդատվությունները օպտիմալ լուծում գտնելու համար։ Այս մասին ասել է Իրաքի նավթի նախարարութան պաշտոնական ներկայացուցիչ Ասեմ Ջիհադին փոխանցում է Sputnik-ը։

«Նախօրեին Իրաքի, Իրանի, Կատարի եւ Վենեսուելայի նավթի նախարարների միջեւ հանդիպում է կայացել։ Մենք ողջունել ենք նաեւ Դոհայում ռուս նախարարի մասնակցությունը»,- ասել է Ջիհադը։

Հարցին, թե հանդիպման ավարտին ինչ-որ համաձայնություն ձեռք բերվե՞լ է արդյոք, գործակալության զրուցակիցն ասել է. «Նրանք միայն հաստատել են, որ բանակցությունները շարունակվում են, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է համաձայնության գալ, որը կբխի բոլորի շահերից եւ կպահպանի նավթի գները»։

Անդրադառնալով Իրաքում նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը՝ Ջիհադն ասաց. «Դա կախված է նրանից, թե ինչ որոշումներ եւ համաձայնություններ կկայացնեն ՕՊԵԿ երկրները եւ մյուս արտադրողները։ Այս պահին կողմերը սկզբունքորեն համաձայնության են եկել, որ պետք է ինչպես ՕՊԵԿ, այնպես էլ նրա սահմաններից դուրս նավթ արտադրողների շահերից բխող լուծում գտնել»,- ասել է նա։