Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները տարանջատելն է, այսօր՝ փետրվարի 19-ին, մեկնարկել է բոյկոտով (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը բոյկոտում է նիստը, քանի որ անտրամաբանական է համարում մեկ տարի առաջ միավորված ոլորտները հիմա նորից տարանջատելը: «Անընդունելի համարելով արտահերթ նիստի օրակարգը՝մենք հայտարարում ենք, որ չենք մասնակցելու այս քվեարկությանը»,-ասել է նա:

Շահգելդյանի խոսքից հետո ՕԵԿ խմբակցության անդամները դուրս են եկել նիստերի դահլիճից կառավարության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց:

Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց: Մեկը «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է, որով առաջարկվում է տարանջատել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները:

Երկրորդ հարցը վերաբերում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթին: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է Հայաստանում խաղողի օղու արտադրության խթանումը: