Մեզ համար կարեւոր է բիզնեսի համար թափանցիկ ու մրցակցային դաշտի ապահովումը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, կառավարությունում ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդլայնված կազմով խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել և քննարկվել են կոնկրետ հարկատեսակներին առնչվող առաջարկություններ, որոնց վերաբերյալ իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել Էկոնոմիկայի, Առողջապահության, Կրթության և գիտության, Գյուղատնտեսության, Տրանսպորտի և կապի նախարարությունների ներկայացուցիչները:
Կառավարության ղեկավարը կարևորել է Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ ինտենսիվ քննարկումները, ոլորտում հետագա բարեփոխումների իրականացումը, բիզնեսի համար թափանցիկ ու մրցակցային դաշտի ապահովումը և հանձնարարել պատասխանատուներին շարունակել մանրամասն քննարկումներն ըստ բնագավառների:






























