Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ սփյուռքի  նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:                                         

Նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ նախարարությունն ակտիվորեն մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստերի նախապատրաստական եւ կազմակերպչական բոլոր աշխատանքներին: Մասնավորապես, ապահովել է Պետական հանձնաժողովի սփյուռքյան անդամների, տարածաշրջանային հանձնախմբերի նախագահների (ներկայացուցիչների) մասնակցությունը հանձնաժողովի նիստերին, ինչպես նաեւ մասնակցել անհրաժեշտ տեղեկատվական եւ քարոզչական բնույթի նյութերի պատրաստման եւ տարածման աշխատանքներին (50 երկրում առ այսօր գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային 61 հանձնախումբ): Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ծրագրերի շրջանակներում Երեւանում տեղի է ունեցել «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը: 

Նախարարի խոսքով՝ «Սփյուռքահայերի ինտեգրման գործընթացի կազմակերպում» ծրագրի շրջանակում լուծվել են Հայաստանում հաստատված, սիրիահայերի եւ իրաքահայերի բազմաթիվ իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրներ, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ, ամառային ճամբարներ, տարեմուտի երեկոներ, արեւելահայերեն եւ ռուսաց լեզվի դասընթացներ:

Ըստ նախարարի՝  Հայոց լեզվի տարածման եւ հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման, այդ թվում` նորարարական մեխանիզմների կիրառմամբ, նպատակով ձեռնարկվել են աշխատանքներ մի քանի ծրագրերի շրջանակներում: «Հայոց լեզվի հեռուստադպրոց» ծրագրով հայկական համայնքներ է սփռվել հեռուստադպրոցի երեք տասնյակ դասաժամ, շարունակվել է արեւելահայերենից արեւմտահայերեն եւ հակառակը փոխարկչի ընդլայնման աշխատանքները, Սփյուռքի կրթական հաստատություններին տրամադրվել է շուրջ 46 000 կտոր ուսումնական նյութ, նախարարության օժանդակությամբ Սփյուռքում ստեղծվել են 15 նոր մեկօրյա դպրոցներ, կազմակերպվել է «Արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մերձեցման խնդիրներ» համաժողովը, կրթական տարբեր խնդիրներին նվիրված հեռակոնֆերանսներ եւ այլն:

Նախարար Հակոբյանը հայտնել է նաեւ, որ կառավարության համապատասխան որոշումներով հաստատվել են Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն», «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի եւ «Սփյուռք» ամառային դպրոց» 2015 թվականի ծրագրերը եւ միջոցառումների ցանկը:

Հովիկ Աբրահամյանը դրական գնահատելով սփյուռքի նախարարության աշխատանքը՝ ընդգծել է, որ  գերատեսչության կողմից մեծ աշխատանք է կատարվել, եւ 2015 թվականին նախարարության ակտիվ մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ ակնառու է եղել:  Գործադիրի ղեկավարը կարեւորել է սփյուռքահայ գործարարների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում եւ  այդ համատեքստում անհրաժեշտ համարել  Հայաստանում սփյուռքահայ գործարարների  մասնակցությամբ բիզնես ֆորումների անցկացումը: