Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը զեկուցել է, որ ՀՀ Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների եւ հանձնարարականների հիման վրա ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է աշխատանքները՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավվածության խորացմանը, միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության ամրապնդմանը,  բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացմանը եւ այլն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում շարունակվել են ջանքերը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման եւ դատապարտման, միջազգային իրազեկվածության բարձրացման, ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով: Հազարավոր միջոցառումներ են կազմակերպվել ողջ աշխարհում: Մի շարք պետությունների ղեկավարներ, խորհրդարաններ, միջազգային կազմակերպություններ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հատուկ հայտարարություններ եւ բանաձեւեր են ընդունել: Համաշխարհային հնչեղություն է ստացել Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի՝ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում անցկացրած հատուկ պատարագը եւ ուղերձը: Ապրիլի 24-ին Երեւանում կայացած միջոցառումներին մասնակցել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահները, մի քանի տասնյակ երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ Մարտի 27-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից նախաձեռնված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը, որով եւ դեկտեմբերի 9-ը սահմանվել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

2015 թ. Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Շարունակվել եւ արդյունավետ ընթացք է ունեցել տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցությունը: 2015 թ. հունվարից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից եւ նոր հնարավորություններ է բացում տնտեսական զարգացման համար: Իսկ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր իրավական հիմք հանդիսացող համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկով նոր թափ է հաղորդվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը։ Սեպտեմբերին Հայաստանն ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը՝ հանդես գալով ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման նախաձեռնություններով: Հոկտեմբերին Երեւանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովը, որին մասնակցել է անդամ եւ դիտորդ 80 երկրի եւ ՖՄԿ քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ շարունակվել եւ ակտիվորեն զարգացել են բարեկամական հարաբերությունները տարբեր երկրների հետ, աշխատանք է տարվել համագործակցության խորացման եւ ընդլայնման ուղղությամբ: Արդյունավետ է ընթացել միջազգային կազմակերպությունների եւ ինտեգրացիոն կառույցների հետ գործակցությունը: Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է նաեւ հաշվետու տարում իրականացված բարձրաստիճան փոխայցերին, որոնք նպաստել են երկկողմ կապերի սերտացմանը եւ փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը:

Ջանքեր են գործադրվել միջազգային տնտեսական կառույցների եւ ֆինանսական հաստատությունների հետ կապերի զարգացման, տարբեր երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցության խորացման, հայկական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման, օտարերկրյա ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական եւ զբոսաշրջային հնարավորությունների ներկայացման ուղղություններով: Նախաձեռնվել եւ անցկացվել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստեր, գործարար համաժողովներ, հայկական արտադրանքի ցուցադրություններ:

ԱԳՆ ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ճգնաժամային իրավիճակներում հայտնված քաղաքացիների օժանդակության հարցերը. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության եւ հյուպատոսական հիմնարկների կողմից սպասարկվել է շուրջ 137000 քաղաքացի: Փոփոխություններ են կատարվել գործող իրավական ակտերում, որոնցով կանոնակարգվել եւ դյուրացվել են քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունները: ՀՀ ԱԳՆ իրավասության շրջանակում շարունակվել է աջակցության ցուցաբերումը սիրիահայերին, լիբանանահայերին եւ իրաքահայերին: Աշխատանք է տարվել սիրիահայության անվտանգության, օժանդակության տրամադրման եւ Սիրիայի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի լուծման ուղղությամբ:

2015 թ. ստորագրվել է 89 միջազգային պայմանագիր եւ 21 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվել է 68 եւ ուժի մեջ է մտել 42 միջկառավարական, միջպետական եւ միջգերատեսչական փաստաթուղթ: ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել եւ ընդունվել է շուրջ 80 իրավական ակտի նախագիծ:

Դրական գնահատելով ԱԳՆ 2015 թ. կատարած աշխատանքը՝ վարչապետը նշել է, որ հսկայական աշխատանք է կատարվել եւ´ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, եւ´ ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքբերումների առումով: Կառավարության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ կարեւոր խնդիր է շարունակում մնալ օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի ակտիվացումը:  Այս առումով Հովիկ Աբրահամյանը կարեւորել է շահագրգիռ գերատեսչությունների հետ ԱԳՆ նպատակաուղղված աշխատանքների համակարգված եւ համատեղ իրականացումը: