Հայաստանը կարող է հետաքրքրել բելառուսական բիզնեսին՝ որպես Իրանից տարանցիկ ապրանքների փոխադրման երթուղի։ Այս մասին փետրվարի 19-ին՝ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Հարցին, թե կարող է արդյոք Հայաստանը Բելառուսի օրինակով ինվոյսի գնով թեթեւացնել մաքսազերծումը եւ կրճատել վերահսկիչ գների պրակտիկան, Ճշմարիտյանը նշել է, որ այդ եւ մյուս հարցերը լուծվելու են ապագա Հարկային օրենսգրքի եւ մաքսային օրենսդրության բարեփոխումների շրջանակներում, ընդ որում, հօգուտ բիզնեսի։
«Այստեղ կարեւոր է բելառուսական փորձը եւ ոչ միայն բելառուսական, այլ նաեւ մյուս զարգացած երկրների։ Դա քաղաքակիրթ առեւտրի ուղի է։ Ամենամոտ ապագայում դուք կտեսնեք կոնկրետ համակարգ, որը կբավարարի բոլորին. այդ նույն բելառուսական ընկերությունները, որոնք Հայաստանի տարածքով իրանական բեռներ են տեղափոխելու»,- ասել է Ճշմարիտյանը։





























